Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

суббота, 3 сентября 2011 г.

1993 թվականի հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը…


«…Իր ապշելու քաջությունն այնքան չէր զարմացնում, որքան իր ապշելու ազնվությունը: Ու քաջության ու ազնվության էդ խառնուրդով ինքը դառավ մեր ազատագրական պայքարի ամենափայլուն, ամենավեհ ոգեղեն գործիչներից մեկը…»,- այսպես ասաց Վազգեն Սարգսյանն իր զինակից ընկերոջ մասին նրա թարմ շիրիմի առաջ: «…Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը…»,- իսկ սա Մոնթեն էր` իր նման ազնիվ, պարզ (տեսանյութը` այստեղ):
Հատված Մարգար Մելքոնյանի եւ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի «Ավո» գրքից
«…Երբ 1993 թ. հունիսի 12-ի առավոտյան լսափողը վերցրի եւ լսեցի քրոջս ձայնը, հասկացա, որ նրա զանգը վերաբերում է մեր եղբորը` Մոնթեին: Նա մեզնից 8000 մղոն հեռավորության վրա էր, նախկին Խորհրդային Միության մի ռազմադաշտում, եւ մենք փորձում էինք նրան մի տուփ «ուոքի-թոքիներ» ուղարկել: «Ուոքի-թոքիները» հավանաբար պետք չեն գա,- ասաց Մայլեն սեղմված կոկորդով: Ապա նա հայտնեց, որ իմ միակ եղբայրն այդ օրը տեղի ունեցած մի փոխհրաձգության ժամանակ զոհվել էր հեռավոր Արցախի լեռների ստորոտին:
Նման տարօրինակ ճակատագիր` կարճ անդրավարտիքով այդ տղայի համար… կրտսեր եղբորս` տասնութ ամսով ինձնից փոքր, որի հետ ամառային երկար օրեր էինք անցկացրել` լողալով մեր ծննդավայր Սան Ուաքին Վելլիի (San Joaquin Valley) ոռոգման ջրանցքներում: Բայց առաջին անգամ չէր, որ ինձ լուր էր հասնում նրա մահվան մասին: Տասնհինգ տարվա ընթացքում լսել էի, որ նրան դիպուկահար է սպանել, որ նա հրանոթային արկի պայթյունի զոհ է դարձել, ռազմական սավառնակների թռիչքից առաջացած օդային հասանքները նրան թաղել են քարաբեկորների տակ, եւ նրան գնդակահարել են օդանավակայանի ոստիկանները: Այնուամենայնիվ, այս անգամ գիտեի, որ վատ լուրը ստույգ է: Ես Մայլեին տվեցի միտքս եկած առաջին երկու հարցը. որքա՞ն է տեւել նրա մահանալը: Եվ` նրան մեջքի՞ց են սպանել: Քույրս այդ հարցերի պատասխանը չուներ:
Երկու օր անց կանգնած էի Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցներում` Մայլեի, մորս, հորս եւ եղբորս լավ ընկերոջ հետ. նա Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքից էր, որտեղ մենք ապրում էինք: Մինչ քայլում էինք դեպի կառավարական հուղարկավորության վայրը, թաղմանը եկած մարդիկ սկսեցին ինձ մի կողմ քաշել ու հայտնել իրենց կասկածները. «Քո եղբորը սպանել են դարանակալներ,- ասաց մեկը.- նրան սպասում էին»: Մեկ ուրիշը պնդում էր, թե մարդասպանն իր արարքի համար վարձատրվել է, իսկ մեկն էլ` որ այդտեղ անպայման թուրքերի մատը խառն է: Հետո ներկաներից մեկը շշնջաց, որ իմ եղբայրը թակարդն էր ընկել, իսկ այդ թակարդը լարել էին ոչ թե թշնամու զինվորները, այլ իրեն մոտ մարդիկ:
Դավաճանության մասին նման խոսակցությունն անհիմն չթվաց: Տարիների ընթացքում Մոնթեն հակառակվել էր բազմաթիվ մարդկանց կամքին. ոչ միայն թուրքական, իսրայելյան, ամերիկյան հետախուզական գործակալությունների, այլեւ ծայրահեղ ազգայնական հայրենակիցների, ինքնակոչ «Գաղտնի բանակի» նախկին խմբավորումների, տեղական գանգստերների ու զորագլուխների, եւ էլ ո՞վ գիտե, թե ում: Նա թերեւս տասնյակ մահացու թակարդներից էր փրկվել: Մոնթեի մահվան «պաշտոնական» վարկածը սին միայն խորացրեց իմ կասկածները. եղբայրս` հարյուրավոր մարտերի փորձառու վետերանը, ինչպես ասում էին, սպանվել էր մի լքված գյուղում` գնալով թշնամու տանկի ուղղությամբ ու հակառակորդին իր մարդկանց տեղը դնելով: Իմ կասկածների համար պարարտ հող էր նաեւ այն, որ Հայաստանում անհասկանալի հանգամանքներում սպանվել էին մի քանի ռազմական ու քաղաքական գործիչներ: Անկախ նրանից` այդ մարդիկ դարձել էին իշխանության համար պայքարի թե «ընտանեկան բիզնեսի» վարձած հրազենի զոհեր, պարզ էր մի բան. նրանց սպանողներն ականապատ դաշտերի մյուս կողմում գտնվող թշնամիները չէին: Բայց եթե Մոնթեին դավաճանել էին, ապա հարց էր ծագում. բազմաթիվ թեկնածուներից ո՞վ կարող էր դա արած լինել…
Թաղման առավոտյան, 1993 թ. հունիսի 19-ին, դիահերձարանի աստիճանների վրա մեզ հանդիպեց արկի պայթյունից ցնցակաթված ստացած մի զինվոր: Նա գիշերն այնտեղ էր անցկացրել` ինքն իրեն պահակ նշանակելով ու քարե աստիճանների վրա ջղաձգորեն ննջելով: Նա ողբում էր ու շարունակ հայհոյում: Մենք բարձրացանք աստիճաններով ու մտանք սառնություն շնչող կամարի տակ: Մոնթեի մարմինը` նոր, քողարկաներկված զինվորական համազգեստով, դրված էր անմշակ տախտակներից պատրաստված մի ոչ խոր դագաղի մեջ, մետաղյա դարակի վրա: Դիահերձող կինը նրա գլուխը, հոնքերից վեր, փաթաթել էր վիրակապով` ծածկելու համար աջ քունքի խոր վերքը. այդտեղ էր մեկ շաբաթ առաջ թափանցել արկի բեկորը` փշրելով գանգը: Մեկն ասաց, որ գլուխն այդպես փաթաթելուց հետո որպես հարվածի միակ նշան մնացել է դիմացի վերին կոտրված ատամը: Բայց ես գիտեի, որ դա վերքի հետ կապ չուներ. քսան տարի առաջ, Կալիֆոռնիայի Սիերրա Նեվադա լեռներում, այն լճակի մոտ, ուր Մոնթեն սիրում էր լողալ, մի ժայռի վրա նա սայթաքել-ընկել էր ու ատամը կոտրել:
Նույն առավոտյան, ավելի ուշ, Մոնթեի ութ զինակից ընկերներ ինքնաձիգներն ուսերից հանեցին` դագաղը տանելու համար: Մենք նրանց հետեւեցինք դեպի «Սպայի տուն»` Երեւանի կենտրոնում: Չորս ժամ շարունակ, մինչ դահլիճում միապաղաղ հնչում էր դուդուկը, հուղարկավորությանը եկած հազարավոր մարդիկ, շատերը` ցնցոտիավոր, խմբերով անցնում էին դագաղի մոտով: Մաշված բաճկոններով գործազուրկ բանվորներ, սովահար գյուղացիներ, ռազմահագուստով զինվորականներ` բոլորը եկել էին իրենց հարգանքի վերջին տուրքը մատուցելու երեսունհինգամյա զորահրամանատարին, որին նրանք գիտեին որպես Ավո: Եկել էին նաեւ Հայաստանի նախագահն ու նրա նախարարները, երկրի խոշոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հյուրեր` Իրանից, Լիբանանից, Սիրիայից ու Ֆրանսիայից: Դահլիճ մտնելուց առաջ ռուս սպաներն իրենց գլուխներից զինվորական գլխարկները հանեցին: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Հարրի Գիլմորը եկավ այն ժամանակ, երբ զոհվածի հարազատներին տարել էին մի սենյակում թեյ խմելու: Նա գնացել էր` նախքան մենք նորից դահլիճ կմտնեինք:
Համաձայն Los Angeles Times-ի` այդ կեսօրին դագաղի հետեւից փողոցներով գնացող մարդկանց թիվը եղել էր մոտ 100000: Տեղացի լրագրողները չափազանցեցին` մասնակիցների թվաքանակը հասցնելով քառորդ միլիոնի. բայց ո՞վ կարող էր հաշվել, թե Հանրապետության հրապարակում որքան մարդիկ էին ամբոխվել` այդ առիթով նորոգված ու լվացված փողոցներով դագաղը տանող զրահամեքենային հետեւելու համար: Ո՞վ կարող էր հաշվել բոլոր նրանց, ովքեր շարվել էին դեպի բլրի վրա գտնվող գերեզմանոցը տանող վեց կիլոմետրանոց ճանապարհի եզրերին. այն բլրի, որն ասես կետագծված է Խորհրդային Միության փլատակների վրա պայթած ամենադաժան պատերազմի զոհերի գերեզմանաքարերով: Իսկ քանի՞ հազար հոգի էին նրանք, ովքեր ժամեր շարունակ արեւի տակ կանգնեցին գերեզմանի շուրջը, որի վրա մարդկային կրծքի բարձրությամբ մեխակներ ու կարմիր վարդեր էին դիզվել…»:
hraparak.am

Комментариев нет:

Отправить комментарий