
ՀՀ ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի գործունեությանը շատերը թերահավատորեն էին վերաբերվում: Օրեր առաջ մենք անդրադարձել էինք այդ բաժնին՝ նշելով նաեւ, որ նրանք զբաղվում են դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների գործով:
Երեկ խմբագրություն զանգահարած ընթերցողներից մեկն անկեղծ նշեց, որ այդ բաժնի աշխատանքն «իրեն հեքիաթ է թվացել»: «Բայց, փաստորեն, ինտերնետի զոհ դարձածների պատիվն արատավորողներին էլ կարան բռնեն…»,-ասաց նա: Բացի նման դեպքերից՝ պոռնոգրաֆիկ նյութերի տեղադրումից, կիբերհանցագործություններից, Հայաստանում վերջին շրջանում տարածվել է վիրուսակիր ծրագրերի տարածումը:
Մայրաքաղաքի խանութներից են երկու տարի առաջ հայտնաբերվել նման վնասաբեր ծրագրերի տարածման դեպքեր, եւ առգրավել են այդ խտասկավառակները: Այստեղ դարձյալ օրենսդրական բաց կա:
«Բայց մեր երկրի օրենսդրությամբ վնասաբեր ծրագրերի տարածումը պատժելի է միայն խտասկավառակների դեպքում: Հիմա վիրուսները մեծամասամբ տարածվում են համացանցի միջոցով»,- ասում է բաժնի պետ Սամվել Հովսեփյանը՝ նշելով, որ ոստիկանության բարեփոխումների ծրագրով պետք է փոփոխություն կատարվի օրենսդրական այդ ակտում: Բանկոմատներից փող գողանալը նույնպես կիբերհանցագործություն է:
«Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները Հայաստանում են, բայց տվյալ քաղաքացու քարտով փող են հանել արտերկրում: Դրանք եւս բացահայտվում են»,- նշում է զրուցակիցս: Ինչքան էլ զարմանալի է՝ հակասություն ունեցող երկրների օգտատերերի միջեւ տեղեկատվական պատերազմը նման հանցագործություն չէ:
Ավելի ճիշտ, կայքերի տնօրինությունը պիտի բողոքի, բայց նման հայտարարություններ չի ստացել բաժինը: Հետաքրքիր է, որ բջջային կապի օպերատորների անունից խարդախությամբ փող կորզելը նույնպես «կիբեր» է: Ասենք, ծանոթություն ու վստահություն են ձեռք բերում, խոստանում որոշակի գումարի դիմաց աշխատանք դասավորել այս կամ այն կապի ընկերությունում:
«Մի աղջիկ նման խարդախությամբ էր զբաղված՝ խոստացել էր «Օրանժում» աշխատանք, բայց բացահայտվեց, եւ գործն այժմ նախաքննչական մարմնում է»,-ասաց Ս. Հովսեփյանը:
hraparak.am
hraparak.am
Комментариев нет:
Отправить комментарий