
Հարություն Խաչատրյանի «Կոնդի» մասին լսել էի, բայց չէի դիտել, ու հիմա դիտեցի ու փշաքաղվեցի: Չեմ ամաչում, որ չէի դիտել, քանի որ ինչպես կհասկանաք «Կինոֆեստի» տեսանյութից, այս ֆիլմը հայրենի քաղքենիների թեթեւ ձեռքով շատ քչերն են տեսել մինչ օրս:
Կոնտրաստների մի մեծ շարժական պատկերասրահ է «Կոնդը»: Ֆիլմն ինքնին ամբողջությամբ կոնտրաստներից է բաղկացած, կոնտրաստը ֆիլմի միսն ու արյունն է, ու դա ավելի է սրում զգայարաններդ ու զգացմունքներդ: Ընդ որում ռեժիսորը որպես Կոնդին հակադրվող կոնտրաստներ չի ներկայացնում մեգապոլիսյան շքեղություն կամ կուրորտային երանություն: Դա թերեւս յուրաքանչյուրս էլ կարող էինք:
Ռեժիսորի տաղանդը հաջողացնում է կոնտրաստներ ստեղծել հենց Կոնդի ներսում, Կոնդից դուրս չգալով` «Դվին» հյուրանոցի արտասահմանցի բնակիչը եւ փայտե սանդուղքով վեր բարձրացող ծեր կինը, ընտանիքը մեծացնելուց խոսափող մոր խոստովանությունն ու հարսանեկան ուրախության պատկերները, հարսանեկան տիկինկով լայն «Վոլգան» ու նեղ փողոցները, անհնարին կյանքն ու շարունակվող կյանքը… Ցնցող տպավորություն են գործում հետեղեռնյան Կոնդի պատկերներ…
Բայց ամենահետաքրքիր կոնտրաստը, իհարկե իմ կարծիքով, սկսվում է հենց առաջին մի քանի րոպեներին, երբ հակադրվում են ռադիոյից հնչող լուրերի բովանդակությունն ու Կոնդի պատկերները: Խորհուրդ եմ տալիս հետեւողականորեն եւ ուշադիր լսել ռադիոյից հնչող տեքստը եւ դիտել պատկերները: Անկեղծ չգիտեմ` պատահաբար է ստացվել, թե հատուկ է արված, բայց ահագին զավեշտալի ու նոնսենսային համադրություններ կնկատեք:
Վահագն Թեւոսյան
hraparaka.am
Комментариев нет:
Отправить комментарий